Բարդի կանադական. ՀՀ Բույսեր

Բարդի կանադական (լատ.՝ Populus deltoides), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն
Գեղեցիկ, սյունաձև սաղարթով ծառ է` 30-40 մ բարձրությամբ և մինչև 1,5 մ բնի տրամագծով։ Երիտասարդ տարիքում բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են սպիտակ, թեթևակի ճաքճքված կեղևով։ Ավելի տարիքավոր ծառերի բնի և խոշոր ճյուղերի կեղևը ունի և՛ սպիտակավուն, հարթ, և՛ գորշ-մոխրագույն, ճաքճքված հատվածներ, որոնք հերթագայում են մեկը մյուսին։ Ճյուղերի կեղևը սպիտակականաչավուն է։ Երիտասարդ ընձյուղները գլանաձև են, գորշադեղնավուն, բողբոջները կպչուն են։ Տերևները ռոմբաձև են կամ լայն-ռոմբաձև, սղոցաեզր, գագաթում՝ երկարավուն սրված։ Կողմնային ջղերի թիվը կազմում է 5-7 զույգ։ Ծաղկակիցները գորշավուն են, մինչև 4 մմ երկարությամբ, լայն, համարյա կլորավուն։ Ծաղկի սկավառակը կանաչասպիտակավուն է, 8-45 առէջներով, որոնց փոշանոթները ծիրանագույն են։ Վարսանդը ունի լայն-ձվաձև սերմնարան, որի սպին դեղնավուն է։ Ծաղկում է մարտին (երբեմն՝ ապրիլին), պտուղները հասունանում են մայիս-հունիսին։

Չափազանց լուսասեր է, խոնավասեր, պահանջկոտ է հողի բերրիության նկատմամբ և միաժամանակ ցրտադիմացկուն է։ Դրա շնորհիվ հաջողությամբ է աճում ՀՀ բարձրլեռնային շրջաններում։ Ապրում է 60-80 տարի։

Տարածվածություն
Տարածված է Կովկասում, հիմնականում Արևելյան և Արևմտյան Անդրկովկասում: Պատկանում է այն բույսերի թվին, որոնք բնական պայմաններում վերացել են, այլևս չեն հանդիպում և պահպանվել են միայն մշակության մեջ։ Տիպիկ արխեոֆիտ է։ Հատկապես շատ է տարածված Արարատյան դաշտում, որտեղ արդեն մի քանի հազարամյակ է, ինչ մշակվում է։ Այն աստիճան բնորոշ է արարատյան լանդշաֆտի համար, որ շատերն այն համարում են տեղական ծառատեսակ։

Կիրառություն
Խորհուրդ է տրվում օգտագործել որպես սոլիտեր, ծառուղիներում և գեղատեսիլ խմբերում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում