Ընկուզենի Զիբոլդի. ՀՀ Բույսեր
Ընկուզենի Զիբոլդի (լատ.՝ Juglans sieboldiana Maxim), ընկուզազգիների ընտանիքի, ընկուզենի ցեղի բույս։
Նկարագրություն
Տերևաթափ ծառ է՝ մինչև 18-20 մ բարձրությամբ, վրանաձև և ցանցառ սաղարթով։ Բնի և ճյուղերի կեղևը մոխրավուն է։ Տերևները կենտ-փետրաձև են՝ 40-100 սմ երկարությամբ, 11-15 (երբեմն՝ մինչև 19) ձվաձև կամ երկարավուն-ձվաձև տերևիկներով։ Տերևի առանցքը ծածկված է կարճ, շիկավուն աղվամազով։ Բացվում են ապրիլի վերջին, մայիսի սկգբին։ Պտղաբերում է 5-7 տարեկանից։ Առէջային կատվիկները հավաքված են փնջերում՝ 2-5-ական հատ, 15-30 սմ երկարությամբ, 9-15 առէջներով։ Վարսանդային ծաղիկները հավաքված են ողկույզներում, 20-ական հատ։ Կեղծ կորիզապտուղը գնդաձև է կամ երկարավուն-ձվաձև, սրածայր, 4-5 սմ երկարությամբ, աղվամազապատ։
Ընկույզը մուգ պղտոր դարչնավուն է, կլորավուն, ձվաձև կամ էլիպսաձև, սուր գագաթով։ Պտուղը հասունանում է հոկտեմբերին։ Բնական պայմաններում տարածված է Ճապոնիայում:
Տարածվածություն
ՀՀ-ում հանդիպում է միայն բուսաբանական այգիներում ու դենդրարիներում։
Կիրառություն
Ամենուրեք հավասարապես լավ է աճում և առատորեն պտղաբերում է։ Կարելի է առաջարկել բոլոր, այդ թվում նաև բարձրլեռնային շրջաններում մշակելու համար (բացառապես որպես պարկային և անտառային կուլտուրա): Ընկույզները մեծ քանակությամբ ճարպեր են պարունակում և աչքի են ընկնում հրաշալի համով։ Բնափայտը նույնպես ամուր է և արժեքավոր։ Սերմերի ցանքից բացի կարելի է աճեցնել նաև կտրոնավորմամբ։
Կիրառություն
Էկոլոգիական խումբը Xllp: Մշակության հավանական շրջանները 1 —32: