Ծիրանենի. ՀՀ Բույսեր
Ծիրանենի (լատ.՝ Armeniaca), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է։ Հայրենիքը Հայաստանն է։ Ծիրանենու մշակության հնագույն օջախներ են նաև Չինաստանը և Միջին Ասիան։ Հայտնի են ծիրանենու 8 վայրի տեսակներ։ Ըստ նորագույն դասակարգման՝ մշակության մեջ հայտնի ծիրանենիները բաժանվում են Հայկական, Հյուսիսկովկասյան, Միջինասիական, Չինական և Եվրոպական խմբերի։ Մշակության մեջ հայտնի են 300-ից ավելի սորտեր, որոնք առաջացել են սովորական ծիրանենուց։
Կենսաբանական նկարագիր
Ծիրանենին միատուն բույս է։ Բարձրությունը 6-12 մ է։ Տերևները խոշոր են, կլորավուն կամ լայն էլիպսաձև, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ կամ բաց վարդագույն, փոշոտումը՝ խաչաձև։ Պտուղը մսոտ, հյութալի կորիզապտուղ է՝ տարբեր ձևերի և մեծության, զանգվածը՝ 20-120 գ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված. պատրաստում են չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո, օղի և այլն։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Մշակովի տեսակների մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։
Ծիրանենին ՀՀ
Ծիրանենին ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ)։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Փոքր այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Օրդուբադի, Համբան, Ղևոնդի տեսակները։ Ընտրասերման միջոցով ստեղծվել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահասվարդագույն նոր տեսակները։4տարեկան ծառը արդեն պտուղ է տալիս։