Բարդի. ՀՀ Բույսեր

Բարդի (լատ.՝ Pópulus), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ։ Հայտնի է բարդիների մոտ 100, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ անտառային կամ դողդոջուն (հայտնի է նաև կաղամախի անունով), նրբագեղ, հիբրիդային կամ գորշ, արծաթափայլ կամ սպիտակատերև և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում. խոնավասեր է, աճում է գերխոնավ վայրերում, գետերի ավազաններում, առուների ափերին։ Բարդին խոշոր ծառ է, բարձրությունը՝ 40–60 մ, բնի տրամագիծը կարող է հասնել 1 մ-ի։ Սաղարթը լինում է բրգաձև, վրանաձև, ցրված, ձվաձև։ Տերևները հերթադիր են, կոթունավոր, լայն եռանկյունաձև, ձվաձև, կլորավուն։ Բարդին ծաղկում է վաղ գարնանը։ Ապրում է 100–150 տարի։ Աճում է արագ, տարեկան՝ 1–1, 5 մ։ Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր։ Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։ Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն։ Եփրատյան բարդին հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Երևանի շրջակայքում և Արաքս գետի ափին։ Այս ծառի վրա կարելի է տեսնել ուռենիներին և բարդիներին հատուկ բոլոր ձևերի տերևները։ Նման հետաքրքիր երևույթ քիչ բույսերի է հատուկ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Վաղ անցյալում հայոց մեջ բարդին համարվել է «կենաց ծառ» և պատկերվել է բրոնզե գոտիների, արքայական սաղավարտների, պաշտամունքային քանդակների և որմնապատկերների վրա։ Հեթանոսական շրջանում (մինչև քրիստոնեության ընդունումը) գոյություն է ունեցել բարդու պաշտամունք, որը Հայաստանի առանձին վայրերում գոյատևել է մինչև XII դարը։ Հին Հայաստանում եղել է սրբազան բարդիների անտառ։ Միջնադարյան մանրանկարչության մեջ նույնպես հաճախ պատկերվել է որպես «կենաց ծառ»։ Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստական մարմնավորում է ստացել հայ բանաստեղծների՝ Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի և ուրիշների ստեղծագործություններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում