Սոճի. ՀՀ Բույսեր

Սոճի, շամի (լատ.՝ Pínus), սոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է, հազվադեպ՝ թուփ։

Տարածում
Հայտնի է սոճու մոտ 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի անտառային գոտում, հազվադեպ՝ Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտու լեռներում։ ՀՀ հյուսիսային շրջաններում (1000–1850 մ բարձրություններում) աճում է 1 վայրի տեսակ՝ Կոխի սոճին։ Անտառամշակույթներում, դենդրոպարկերում և բուսաբանական այգիներում տարածված է շուրջ 13 տեսակ՝ Ղրիմի, սովորական, Բանքսի և այլն։

Կառուցվածք
Արմատային համակարգը հզոր է՝ ուղղաձիգ խորը գնացող առանցքային արմատով և կողմնային ճյուղավորումներով։ Բարձրությունը 1,5– 5 մ է, երբեմն՝ մինչև 75 մ։ Մատղաշ սոճու սաղարթը կոնաձև է, հասունինը՝ կլորավուն կամ հովանոցաձև։ Կեղևը գորշ է կամ կարմրաթուխ, անջատվում է բարակ շերտով։ Տերևներն ասեղնաձև են, եռանիստ կամ մի կողմից կլորավուն, կանաչ կամ կապտագորշ, 2-, 3-, 5-ական փնջերով, պահպանվում են 2 և ավելի տարի։ Կոների երկարությունը 3–10 սմ է, հյուսիսամերիկյան մի տեսակինը՝ մինչև 50 սմ, տրամագիծը՝ 2,5–8 սմ։ Ծաղկում է մարտին։ Սերմերն ընկուզիկաձև են, սովորաբար՝ թևավոր։ Լուսասեր է։ Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ ցամաքեցված հողերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում