Պղպեղասունկ. ՀՀ Բույսեր
Պղպեղասունկ (լատ.՝ Lactarius piperatus), բազիդիավոր սնկերի կաթնասնկերի ցեղի ներկայացուցիչ։ ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է հյուսիսարևելյան մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, հողի վրա՝ ամռանը (1100-1400 մ բարձրություններում)։
Նկարագիր
Միկոռիզագոյացնող է. համակեցության մեջ է մտնում հիմնականում լայնատերև ծառատեսակների հետ։
- Գլխարկը (տրամագիծը՝ 7-20 սմ) սկզբում ուռուցիկ է, ապա՝ ձագարաձև՝ ներծալված և աղվամազերով պատված եզրերով, հարթ, սպիտակ։
- Հասուն պտղամարմինը ծածկված է դեղնագորշագույն կամ մոխրագույն բծերով։
- Պտղամիսն ամուր է, պարունակում է տարեկանի հացի թույլ հոտով սպիտակ կաթնահյութ։
- Թիթեղները խիտ են, սպիտակ, իջնում են ոտիկի վրա, հաճախ՝ կաթնահյութի կաթիլներով, որոնք չորանալուց հետո ստանում են կանաչամոխրագույն երանգ։
- Ոտիկը (երկարությունը՝ 3-7 սմ, հաստությունը՝ 2-3 սմ) գլանաձև է, երբեմն՝ հիմքի մոտ նեղացած, ամուր, սպիտակ, հարթ։
Փոփոխականություն
Գլխարկը ամբողջովին սպիտակ է կամ կաթնագույն, սովորաբար կենտրոնական մասում ավելի մուգ է, քան եզրերը։ Թիթեղները սկզբում սպիտակ, ապա կրեմագույն, վնասվածքների դեպքում պատվում են դեղնա-շականակագույն բծերով։
Էկոլոգիա և տարածում
Աճում են խոնավ և ստվերոտ անտառներում շարքերով կամ որոշակի շրջանակներով։ Գերադասում են աճել դրենաժային կավե հողերում։
Աճում են ամռան և աշնան ամիսներին։
Սննդային որակ
Հաճախ սուր հոտի պատճառով համարում են ոչ պիտանի ուտելու համար։ Ուտելի է. օգտագործվում է միայն թթու դրած։ Բացի այդ, երբեմն չորացրած փոշի օգտագործվում է որպես համեմունք:
Բուժիչ հատկություններ
Պղպեղասունկը լավ ազդեցություն ունի տուբերկուլյոզի վրա։ Ժողովրդական բժշկության մեջ չորացված սունկը օգտագորում են լեղապարկի քարերի բուժման ն պատակով: