Կաթնասնկեր. ՀՀ Բույսեր

Կաթնասնկեր (լատ.՝ Lactarius), բազիդիավոր սնկերի դառնամատիտեղայինների ընտանիքի ցեղ։ Հայտնի է մոտ 90, ՀՀ-ում՝ 31 տեսակ՝ շեկլիկ (L. deliciosus), պղպեղասունկ (L. piperatus), ալիքասունկ սպիտակ (L. pubescens), ճռճռուկ (L. vellereus) և այլն։ Տարածված են անտառաշատ մարզերում, հանդիպում են ամռանը և աշնանը (1000-2100 մ բարձրություններում)։

Ցեղի բոլոր ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են, որոնք համակեցության մեջ են մտնում տարբեր ասեղնատերև և լայնատերև ծառատեսակների հետ։

Կենսաբանական նկարագիր
Գլխարկը (տրամագիծը՝ 25 սմ) ձագարաձև է կամ տափակ-կլորավուն՝ ներծալված, խավոտ եզրերով, սպիտակ, մոխրագույնից մինչև վարդագույն և շագանակագույն։ Թիթեղները հաճախ իջնում են ոտիկի վրա։ Պտղամիսը հարուստ է կաթնահյութով լցված կաթնատար անոթներով։ Կաթնահյութը հիմնականում սպիտակ է, որոշ տեսակների մոտ օդի հետ շփումից դեղնում է, կարմրում կամ կանաչում։ Պտղամիսը և կաթնահյութը լինում են կծու, դառը, անալի։ Ոտիկը (երկարությունը՝ 2-12 սմ, հաստ.՝ 0, 6-3) կենտրոնական է կամ թեթևակի կողքային, ամուր կամ փխրուն, հոծ կամ սնամեջ։

Նշանակություն և կիրառում
Ցեղի գրեթե բոլոր տեսակները համեղ, ուտելի սնկեր են։ Սննդի մեջ օգտագործվում են թարմ, աղ և թթու դրած։ Կծու կամ դառը համ ունեցող տեսակներն օգտագործվում են եռացնելուց և ջուրը թափելուց հետո։

Տեսակներ
Հայտնի է մոտ 120 տեսակ, որոնք տարածված են ամբողջ երկրագնդով մեկ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում