Հայկական կարմրակն. ՀՀ Կենդանական աշխարհը
Հայկական կարմրակն (լատ.՝ Rutilus rutilus schelkovnikovi), ծածանաձկների ընտանիքի ձուկ։
Կենսաբանական տարածումը
Հայաստանում Արարատյան դաշտի բնաշխարհիկ տեսակներից է։ Ունի շատ սահմանափակ տարածում։ Հանդիպում է հիմնականում Մեծամոր գետում, նրան հարող ջրանցքներում և Հրազդան գետի ստորին հոսանքում։ Մանրաձկները կյանքի 1-ին շրջանում մեծաքանակ խմբերով բնակվում են առափնյա բուսուտներում, նաև՝ մանրաձկների այլ տեսակների հետ։ Կազմում է մեծ վտառներ։ Երիտասարդները սովորաբար հանդիպում են գետերի և ջրանցքների առափնյա մասերում, իսկ հասունները՝ ավելի խոր տեղամասերում։
Մարմնի կառուցվածքը
Մարմինը կողքերից սեղմված է, երկարություն՝ 12-15 (երբեմն՝ մինչև 25) սմ, զանգվածը՝ մինչև 250 գ և ավելի։ Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 39-43 հատ։ Մեջքային լողակում և հետնալողակում կան 12-13-ական ճառագայթներ։ Գլանային ատամները միաշարք են։ Բերանը կիսաստորին է։ Վերին ծնոտը մի փոքր երկար է ստորինից։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքը և գլխի վերին մասը մոխրագույն կամ դարչնագույն են' կապտականաչավուն նրբերանգով։ Կողքերը արծաթագույն են, փորիկը՝ արծաթասպիտակ։ Մեջքային և պոչայիև լողակները մոխրագույն են։ Կրծքային, փորային լողակները և հետնալողակը մոխրագույն, նարնջագույն են, իսկ երիտասարդներինը՝ նաև մարմնագույն։ Աչքի ծիածանաթաղանթը դեղնաարծաթավուն է, երբեմն՝ կարմրավուն։ Սեռահասուն է դառնում 2 տարեկանում։ Սեռահասունների երկձևությունը հստակ արտահայտվում է միայն բազմացման շրջանում, երբ արուների մարմինը պատվում է մաշկային «մարգարտյա» ցանով։