Սպիտակապոչ եղտյուրիկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սպիտակապոչ եղտյուրիկ (լատ.՝ Chettusia leucura), քարադրների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։ Մարմնի երկարությունը 26-29 սմ է, թևերի բացվածքը՝ 67-70 սմ։ Պոչը սպիտակ է, ոտքերը՝ երկար, դեղին։ Վիզը, մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն են, գլուխը՝ միատարր բաց մոխրագույն։ Կուրծքը մոխրագույն է, գոտկատեղը, պոչը, մարմինը ներքևից՝ սպիտակավուն։ Բազկաթևի և սև առաջնային փետուրների վրա կա սպիտակավուն լայնակի շերտ։ Կերակրվում է քայլելով կամ վազքի ընթացքում, կանգ է առնում զոհին բռնելու համար։ Բնակվում է ծանծաղ, խոնավ տարածքներում, լճակների տղմոտ ափերին։ Որպես բնադրող տեսակ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվել է 1980-ական թվականներին՝ Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում, Սուրենավան գյուղի (Արարատի մարզ) շրջակայքում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ ապրիլից մայիս։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջին տասնօրյակին։ Հուլիսի 3-րդ տասնօրյակից հայտնվում են վտանգի դեպքում ինքնուրույն թաքնվող ձագեր։ Ծնող թռչուններն այդ ընթացքում խիստ աղմկարար են և շարունակ անհանգիստ թռիչքով աշխատում են հեռացնել ձագերին սպառնացող վտանգը։ Որպես հազվագյուտ տեսակ՝ անհատական պաշտպանության կարիք ունի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում