Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ. ՀՀ Կենդանական աշխարհը
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ (լատ.՝ Eremias arguta transcaucasica), իսկական մողեսների ընտանիքի, անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Ommateremias ենթացեղին կամ ցեղին։ Արևմտյան Անդրկովկասի էնդեմիկ ենթատեսակ է։ Հայաստանում տարածված է Գեղարքունիքի մարզում։ Բնակվում է լեռնատափաստանային բուսականությամբ ծածկված ավազուտային ու քարքարոտ վայրերում։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 2, 5-9, 6 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության։ Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր վահանիկներով, դիմային հատվածը՝ նեղ։ Որովայնային մակերեսը ծածկված է մանր վահանիկների բազմաթիվ երկայնակի շարքերով։ Մեջքը գորշամոխրագույն է՝ սև եզրագծով և բաց գույնի կենտրոնական հատվածներով խոշոր խալերով, որոնք կազմում են 6-8 երկայնակի զոլեր։ Խալերը, միմյանց ձուլվելով, առաջացնում են լայնակի զոլերից բաղկացած խայտաբղետ նախշ։ Բաց գույնի կլորավուն խալեր կան նաև վերջույթների վրա։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է կամ բաց դեղնավուն։
Սննդառություն
Անվում է մանր հոդվածոտանիներով։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբ։
Բազմացում և զարգացում
Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին։ Ձվադրում է 1-2 անգամ՝ մայիսի վերջից հուլիս, դնում 4-6 ձու (13-14x8 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբ։
Օգտակար է՝ կարգավորում է միջատների թվաքանակի աճը։
