Սև կեռնեխ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սև կեռնեխ (լատ.՝ Turdus merula), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ Ժողովուրդը անվանում է նաև մոշահավ։

Նկարագրությունը
Սև կեռնեխի արուի փետրավորումը լրիվ սև է, կտուցը, կոպերը նարնջագույն են, էգերը և երիտասարդ առանձնյակները մոխրագույն են՝ սև կտուցով։ Քաշը՝ 75-120 գրամ է, թևի երկարությունը՝ 117-143 միլիմետր։

Կենսակերպը
Հայաստանում նստակյաց թռչուն է։ Բնակվում է առավելապես սաղարթավոր խիտ անտառներում, այգիներում։

Մինչև 1960-ականների վերջը համարվում էր անտառաբնակ, ներկայումս թափանցել է քաղաքատիպ բնակավայրերի մերձակա անտառաշերտերը և պուրակները։ Հանդիպում է Երևանում և նրա շրջակա այգիներում։

Երգը թախծոտ է, նման է սրնգի կլկլոցի։ Երգում են միայն արուները։

Սննդառություն
Սնվում է հիմնականում միջատներով, իսկ ձմռանը՝ նաև հատապտուղներով։

Բազմացումը
Բնադրում է մարտի վերջից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, շաղախում ցեխով և տեղադրում թփերի կամ ծառերի վրա։ Մայիսի երկրորդ կեսին դնում է 3-7 ժանգագույն պտերով կապտականաչավուն ձու։ Ձվի երկարությունը շուրջ 3 սմ է։ Տալիս է երկու սերունդ։

Տարածվածությունը
Տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Փոքր Ասիայից մինչև Չինական ծովի ափերը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում