Գյուղական ծիծեռնակ. ՀՀ Կենդանական աշխարհը
Գյուղական ծիծեռնակ (Hirundo rustica), ծիծեռնակների ընտանիքի թռչուն։ Հանրապետությունում բնադրվող, չվող թռչուն է։
Արտաքին կառուցվածք
Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է՝ կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը՝ սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։ Քաշը՝ 14-22, 5 գ, թևի երկարությունը՝ 105-130 մմ։
Բնադրում
Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
Սննդառություն
Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
Կենսակերպ
Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
Տարածվածություն
Տարածված է Իռլանդիայից և Պիրենեյան թերակղզուց մինչև Հիմալայան լեռներ, Աֆրիկայում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանի հյուսիսում, Պեչորայի միջին հոսանքներում, Ենիսեյի, Լենայի ափերին, Յակուտիայում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Անդրկովկասում։
