Չքնաղ բնություն և դժբախտ սիրո պատմություն. Աղավնավանքը՝ էկոտուրիզմի զարգացման ևս մեկ ուղղություն (ֆոտոշարք)

 

«Ա՜խ, Նաբա ՛թ»… վերջին անգամ կանչում է տղան ու ժայռից նետվում ներքև... »

Նաբաթ անունով գեղեցկուհու և դժբախտ երիտասարդի սիրո մասին ավանդազրույցն օրերս Տավուշի մարզի Աղավնավանք համայնք էր բերել բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք մասնակիցը դարձան հետաքրքիր միջոցառումների շարանի: Ավանդազրույցը պատմում է , որ Տավուշի կանաչագույն անտառներում ապրել է մի երիտասարդ, ով բույսերից պատրաստած սպեղանիով կարողանում էր բուժել զանազան հիվանդություններ: Մի անգամ էլ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է:

Երիտասարդը, մի քանի օր շարունակ հավաքելով տարբեր դեղաբույսեր, թուրմ է պատրաստում, որի օգնությամբ էլ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Եվ երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը՝ իշխանը համաձայնվում է: Սակայն Նաբաթը որքան գեղեցիկ, այնքան էլ փառասեր էր. մերժում է տղային` ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն: Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն-մենակ շրջում անտառներում: Անցնում են օրեր ու ամիսներ… Մի անգամ էլ, հայտնվելով ժայռի գագաթին, երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը և...

«Աղավնականչ». Այնպես է կոչվում ավանդազրույցից սերած տոնակատարությունը, որն աշխարհի տարբեր վայրերից ժամանած զբոսաշրջիկներին հայկական ավանդական նիստ ու կացին ծանոթացնելու ևս մեկ առիթ դարձավ: Այս անգամ գյուղական էկոտուրիզմի զարգացման ուղին տանում էր դեպի Աղավնավանք:

Օգոստոսի 4-5 Աղավնավանք համայնքը նշեց իր ծննդյան 30-րդ տարեդարձը, և ի հիշատակ մեծ սիրո, որը մնաց անկատար, օգոստոսի 5-ին Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասնակցությամբ սիրո ուխտագնացություն կատարվեց դեպի Աղավնավանքի Անապատ Սբ. Աստվածածին վանք:

Համայնքի 30-ամյակի տոնին նվիրված միջոցառման ընթացքում իրենց խոսքն ասացին խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, Աղավնավանք համայնքի վարչական ղեկավար Վարդան Գրիգորյանը, Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, «Կանաչ արահետ» ՀԿ ներկայացուցիչներ Ստելլա Սարուխանյանն ու Կարինե Փանոսյանը և այլոք: Իսկ միջոցառումն ուղեկցվեց Երևանից ժամանած «Ավետ» բենդի հետաքրքիր և գեղեցիկ ֆոլկ-ջազային երաժշտությամբ:

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը՝ շնորհավորելով տոնի կապակցությամբ իր գոհունակությունը հայտնեց երիտասարդների կողմից դրսևորվող ակտիվության վերաբերյալ, հավաստիացնելով, որ գյուղի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնությանը համայնքապետարանի կողմից կցուցաբերվի բազմակողմանի աջակցություն: Նա նաև նշեց որ գյուղն ունի մեծ պոտենցիալ զբոսաշրջային ոլորտի զարգացման ուղղությամբ:

Գյուղի պոտենցիալի զարգացման առաջամարտիկներից մեկը տեղի դպրոցի տնօրեն, նախկին գյուղապետ տիկին Վարդուհու որդի Ալեքս Ներսիսյանն է: Վերջինս լրագրողների հետ զրույցում պատմեց համայնքի զարգացման դժվարությունների մասին, միևնույն ժամանակ հայտնելով գյուղում ավանդական հյուրատուն ստեղծելու գաղափարի մասին, որի աշխատանքներին պետք է մասնակցեն և օգուտ ստանան համայնքի բոլոր անդամները: Դժվարությունները շատ են, բայց սեփական գաղափարներից վերջինս չի հրաժարվում և համոզված է, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասնելու է հաջողության և Աղավնավանքը շուտով ծաղկելու է:

Մինչև 1988թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են հիմնականում Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները: Գյուղը հարուստ է նաև պատմամշակութային արժեքներով, որոնցից թերևս գլխավորը 12-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին է իր օժանդակ կառույցներով։ Եկեղեցին այժմ գտնվում է կիսավեր վիճակում և ըստ տեղաբնակների ոչ մի պետական գերատեսչություն հետաքրքրված չէ այն պահպանելու կամ վերականգնելու գործով:

Սակայն, Աղավնավանք համայնքին ամենաուժեղ գրավչություն հաղորդողը տեղի հրաշք բնությունն է: Համայնքն ու բուն վանքը շրջապատված են Տավուշի հրաշք անտառներով, գյուղը գտնվում է Նոր Գետիկի ափին և զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ունի շատ նպաստավոր պայմաններ: Նշված տարածքում են գտնվում «Դիլիջան» ազգային պարկի պահպանվող տարածքները, որոնք շատ հաճախ դառնում են ծառահատումների էպիկենտրոն:

Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց ոստիկանության տեղի ծառայողներից Ռուբենը՝ իրենց տարածքում վերջին տարիներին անգամ մեկ ծառ չի հատվել: Վերջինս ևս Աղավնավանք համայնքի բնակիչ է և պնդում է՝ «Մեր գյուղացիք հասկացող են. եթե չի կարելի, ուրեմն՝ չի կարելի»:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում