Թխակապույտ աղավնի. ՀՀ Կենդանական աշխարհը
Թխակապույտ աղավնի (լատ.՝ Columba livia), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Հայաստանում հանդիպում է ամենուր։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 31-34 սմ է, թևերի բացվածքը՝ 63-70 սմ։ Գունավորումը փոփոխական է, ընդհանուր փետրածածկը հիմնականում կապտամոխրագույն է, գոտկատեղը, մեջքի հետին մասը և թևատակը՝ սպիտակ, մեջքը՝ բաց մոխրագույն, թևին կան 2 երկար սև շերտեր։ Սահասավառնում է վեր պարզած թևերով։ Բնակվում է ժայռոտ լեռներում, գետահովիտներում, բնակավայրերում և այլն։
Սննդառություն
Սնվում է սերմերով, անողնաշարավորներով, սննդի մնացորդներով։
Կենսակերպ
Բնադրում է քարանձավներում, ժայռերի քիվերին և խորշերի մեջ, եկեղեցիների գմբեթներին, բարձրահարկ և ծավալուն շենքերի տանիքներում և այլն։ Թխակապույտ աղավնին հարմարվել է մեծ քաղաքներում ապրելու պայմաններին։ Մեծ ու փոքր երամներով թառում են շինությունների, ճարտարապետական կերտվածքների, զարդաքանդակների, արձանների վրա և արտաթորանքով աղտոտում, որի հետևանքով ժամանակի ընթացքում դրանք քայքայվում են։ Բույնը գավաթաձև է, նոսր, կառուցում է ճյուղերից, փետուրներից և այլն։
Բազմացում և զարգացում
Ձվադրում է փետրվար-հունիսին։ Դնում է 39 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու։ Տարեկան կարող է բազմանալ մի քանի անգամ։ Համարվում է սիրողական և մարզական որսորդության թռչուն։