Ունաբ սովորական. Դեղաբույսեր
Ունաբ սովորական, ունաբի (լատ.՝ Ziziphus jujuba), դժնիկազգիների ընտանիքի պտղատու բույսերի ցեղ։
Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։ Ունաբի ծառը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30 °C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։ Շատ հետաքրքիր է ունաբի բուսաճական շրջանը։
Ծառի առաջին տերևները սկսում են բացվել մայիսի վերջերին։ Ծաղիկները բացվում են հունիսին, պտուղների հասունացման շրջանը սկսվում է հոկտեմբերին և շարունակվում է մոտ մեկ ամիս։ Ծառը տերևաթափ է լինում դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ունաբի սովորականի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ։
Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։ Ունաբին բարձր է գնահատվում՝ որպես հիպոտենզիվ՝ ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։ Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմն ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։ Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս՝ փոխվում է ընկալումը համի հանդեպ՝ մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։ Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։ Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։
- Օգտակար է սակավարյունության, գլխապտույտի, չոր հազի, լուծի, ասթենիայի դեպքում, Իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, օգտակար է հիպերտոնիայի և հազի դեպքում, ամրացնում է մազարմատները, վերացնում թեփը, օգտագործում են աբցեսի, թարախապալարների դեպքում
- Ունաբի կորիզներից ստացված պատրաստուկները հակացուցված են հղիներին:
ՀՀ բնական պայմաններում հանդիպում է հյուսիս - արևելյան և կենտրոնական շրջաններում, Վայոց ձորում, Տավուշի մարզի բոլոր համայնքներում, ստորին լեռնային գոտում՝ մինչև 1000 մ բարձրության վրա՝ չոր, քարքարոտ թեքություններում։