Որոտան(գետ). ՀՀ Բնության հուշարձան
Որոտանը գետ է, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, ՀՀ սահմաններում 2300 կմ2։
Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատ հզորությամբ, տարեկան 1,1 միլիարդ կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Սպանդարյանի ջրամբարից՝ կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 միլիոն խմ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։
Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։ Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 միլիոն խմ։ Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր։ Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։