«Շաքի» ջրվեժ. ՀՀ Բնության հուշարձան
Շաքիի ջրվեժ, ջրվեժ Հայաստանում՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։ Գտնվում է Սյունիքի մարզում` Սիսիան քաղաքից հյուսիս։
Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է։
Թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են՝ «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով: