Արևելյան սոսի. ՀՀ Կարմիր գիրք

Արևելյան սոսի (լատ.՝ Platanus orientalis), Հայաստանում աճում է բնականորեն, որը տերևաթափ հզոր ծառ է՝ մինչև 40(50) մ բարձրությամբ և 1.5-2.5 (3.5) մ տրամագծով։ Հնագույն  ժամանակշրջանի ռելիկտ է։

Ջերմասեր է և խոնավասեր։ Աճում է ցածրադիր, համեմատաբար խոնավ աճատեղերում։ Տերևները թաթանման են, 5-7 բլթակավոր։ Արևելյան սոսին երկարակյաց է, սովորաբար ապրում է 500-600 տարի, սակայն հանդիպում են ծառեր, որոնք ունեն 2-2.5 հազար տարվա հասակ։ Առաջացնում է ուղիղ, շեղության փոքր աստիճան ունեցող ներ՝ բարձր ապրանքայնությամբ։ Արագաճ է՝ 20 տարեկանում ունենում է 16-18 մ բարձրություն և 25-30 սմ բնի տրամագիծ։ Լավ է աճում բարձր կրայնություն ունեցող հողերում։ Գազադիմացկուն և ծխադիմացկուն է, շոգեդիացկուն և փոշեդիմացկուն ծառատեսակ է։ Ներկայումս սոսու պուրակում բնական սերմնային վերաճն անբավարար է։ Շատ ծառերի մոտ նկատվում են չորացման երևույթներ։ Պատճառը, ամենայն հավանականությամբ անասունների արածեցումն է, մարդու գյուղատնտեսական ակտիվ գործունեությունը։

Բնականորեն տարածված է Միջերկրածովափերին, Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպող ամենահնագույն ծառատեսակներից է։ Սպիտակ բունը, հզոր և խիտ սաղարթը, թաթաձև բլթակավոր պարզ խոշոր տերևները, ինչպես նաև գնդաձև, երկար կոթուններով պտղագլխիկները ինքնատիպ գեղեցկություն են տալիս արևելյան սոսու ծառերին։ Դրա շնորհիվ է, որ հնագույն ժամանակներից ի վեր լայնորեն օգտագործվում է քաղաքների ու բնակավայրերի կանաչապատման մեջ։ Այն առաջին հերթին աճեցվել է եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերում։ Հայաստանում բնական պայմաններում հանդիպում է Զանգեզուրում՝ Ծավ գետի հովտում, շուրջ 60 հա տարածքով։ Ծառուտի մի մասը գտնվում է Ադրբեջանում։ Այդ ծառուտը կազմում է մեկ ամբողջություն։

Բարձր է գնահատվում գեղազարդ պարտիզագործության մեջ, զանգվածային, խմբային տնկարկների և ծառուղիների համար, որպես սոլիտեր։ Բազմանում է սերմերով, անդալիսով և կտրոններով։ Պարտիզային ձևերը նպատակահարմար է բազմացնել պատվաստով։ Ներկայումս արևելյան սոսին գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ նրա եզակի ու ինքնատիպ ծառուտը արդյունավետ պահպանելու պատճառով ընդգրկված է Շիկահողի արգելոցում։ Հայաստանի քաղաքների ու բնակավայրերի կանաչ տնկարկներում, գլխավորապես փողոցային տնկարկներում ու ծառուղիներում, բացի արևելյան սոսուց, օգտագործվում է նաև թխկիատերև սոսին (P.acerifolia)։ Այն նույնպես աչքի է ընկնում բարձր դիմացկունությամբ և գեղազարդությամբ, որի շնորհիվ լայնորեն օգտագործվում է Արարատյան հարթավայրի չոր ցամաքային կլիմա ունեցող բնակավայրերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում