Կովկասյան ազնվացեղ եղջերու կամ մարալ. Հայաստանի Կարմիր գիրք

Կովկասյան ազնվացեղ եղջերուն կամ մարալըԵղջերուների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR D:

Տարածվածությունը: Ենթատեսակը հանդիպում է Կովկասի, Փոքր Ասիայի և Հյուսիսային Իրանի լեռնային անտառներում:

Տարածվածությունը Հայաստանում: Արդեն 1954 թ–ից ազնվացեղ եղջերուն դիտարկվել է որպես Վրաստանից և Ադրբեջանից հանրապետության տարածք պատահականորեն մտած, իսկ մինչ այդ տեսակը լայնորեն տարածված է եղել Հյուսիսային, Արևելյան և Հարավային Հայաստանի անտառներում: 2005 թ–ին Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջին, գ. Նռնաձորից (նախկին Նյուվադի) վերև հայտնաբերվել են առնվազն 5–10 տարվա վաղեմության եղջյուրներ:

Ապրելավայրերը: Լայնատերև լեռնային անտառներ խոտաբուսածածկի առատությամբ և ենթալպյան մարգագետիններ: Ձմռանն իջնում են նախալեռներ կամ դեպի հարավային լանջեր, նույնիսկ գիհու նոսրանտառներ և չոր տափաստաններ (Մեղրու լեռնաշղթա):

Կենսաբանության առանձնահատկությունները: Զուգավորումը տեղի է ունենում աշնանը (սեպտեմբեր–հոկտեմբեր), հղիության տևողությունը` 249–269 օր: Բծավոր ձագերը (սովորաբար, մեկ, երբեմն` երկու) ծնվում են մայիս–հունիսին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հաշվառվում է առանձին անհատներով: Տեսակն իր գոյությունը ներկայումս պահպանում է բացառապես Ադրբեջանից գաղթող առանձնյակների շնորհիվ:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, բիոտոպերի քայքայումը, գայլերի առատությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում և «Շիկահող» արգելոցում: Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջերը գտնվում են «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: 2006 թ –ին WWF շրջանակներում կատարվել են դաշտային հետազոտություններ` «Դիլիջան» ազգային պարկի և «Շիկահող» արգելոցի սահմաններում մարալի ռեինտրոդուկցման հնարավորության գնահատման ուղղությամբ: Անհրաժեշտ է ուժեղացնել որսագողության, լեռնագործունեության և արածեցման հսկողության և բնապահպանական աշխատանքները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում