Ընձառյուծ. Հայաստանի Կարմիր գիրք

Ընձառյուծը Կատվազգիների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:

Տարածվածությունը: Արեալը ներառում է Հյուսիսային Կովկասը, Անդրկովկասը, Արևելյան Թուրքիան, Հարավային Թուրքմենստանը, Իրանը, Աֆղանստանը:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում:

Ապրելավայրերը: Չոր լեռնատափաստաններ, չորային նոսրանտառներ, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Մարգագետիններն օգտագործում է միայն ձնազուրկ ժամանակ տեղափոխվելու համար, քանի որ ձնածածկը կարևոր սահմանափակող գործոն է: Շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս ընձառյուծին բեզոարյան այծերին որսալու ժամանակ հանկարծակի դուրս գալու, ինչպես նաև հանգստանալու համար: Որսում են նաև վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ: Որպես բույն օգտագործում են քարանձավները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10–15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2: Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ: Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9 կմ2) և գ. Նռնաձորից դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում գիշատիչը բնակվում է մշտապես: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է միջանցքների գործառնությունից:

Վտանգման հիմնական գործոնները: Արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում: 2002 թ–ից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում: Անհրաժեշտ է մշակել միջոցառումներ արեալի մասնատման գործոնը նվազեցնելու նպատակով: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել կերային հարուստ բազա ունեցող բիոտոպերի միավորումը խոշոր և մանր պահպանվող տարածքների ցանցում: Անհրաժեշտ է ուժեղացնել որսագողության, լեռնագործության, ճանապարհաշինության, արածեցման և այլ մարդածին գործունեության հսկողության և կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում