Անտառակատու. Հայաստանի Կարմիր գիրք

Անտառակատուն Կատվազգիների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii,iv):

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Եվրոպայում, իսկ տեսակը` Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, ծ.մ. 700–2500 մ բարձրություններում: Հավանաբար, մտնում է նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:

Ապրելավայրերը: Սաղարթավոր անտառներ, չորային նոսրանտառներ: Հիմնական պայմանը` ապրելավայրում կերային բազայի (կրծողներ, թռչուններ) առատությունն է և խուլ, մարդու ազդեցությունից զուրկ տեղամասերի առկայությունը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմացումը սկսվում է փետրվար–մարտին: Ապրիլ–մայիսին ունենում են 3–8, ավելի հաճախ` 4–5 ձագեր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը հայտնի չէ, սակայն կայուն: Անհրաժեշտ է կատարել հաշվառումներ և հետազոտել անտառակատվի էկոլոգիան հանրապետությունում:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի գոյատևման համար լուրջ վտանգ է ներկայացնում անտառակատվի հիբրիդացումը ընտանի, հատկապես վայրիացած կատուների հետ և մրցակցությունը տափաստանային կատվի (F.s. lybica) հետ: Այդ տեսանկյունից, անհրաժեշտ է կատարել համապատասխան գիտական հետազոտություններ:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում և մի քանի արգելավայրերում: Անհրաժեշտ է ուժեղացնել սաղարթավոր անտառների և չորային նոսրանտառների գոտում մարդածին գործոնների ազդեցության (անտառա­հատումներ, ճանապարհաշինություն և այլն), ինչպես նաև վայրիացած կատուների թվաքանակի կարգավորման վերահսկողությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում