Գորշ արջ. Հայաստանի Կարմիր գիրք
Գորշ արջը Արջերի ընտանիքին պատկանող կենդանի է։
Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv):
Տարածվածությունը: Շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է:
Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400–500 մինչև 3000 մ բարձրություններում:
Ապրելավայրերը: Բնակվում է չորային նոսրանտառներում, սաղարթավոր անտառներում, լեռնային մարգագետնատափաստաններում, ենթալպյան և ալպիական մարգագետիններում: Արեալը զգալի չափով ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ և ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմանում են մայիսին: Հղիությունը տևում է մոտ 7 ամիս: Ձագերը (առավել հաճախ` 2, հազվա դեպ` 1 կամ 3–4) ծնվում են բնում դեկտեմբերի վերջից մինչև մարտ:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:
Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում: Անհրաժեշտ է ուժեղացնել արջերի և դրանց բիոտոպերի վրա մարդածին գործոնների ազդեցության վերահսկողությունը: