Շիդլովսկու դաշտամուկ. Հայաստանի Կարմիր գիրք

Շիդլովսկու դաշտամուկը  Համստերանմանների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: էնդեմիկ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգ ված»` EN B1ab (ii,iii,v):

Տարածվածությունը: Կենտրոնական Վրաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Արագածոտնի մարզի արևմտյան և հյուսիսային մասեր, Շիրակի մարզի կենտրոնական և հարավային, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան և կենտրոնական մասերը, ծ.մ. 1400–1700 մ բարձրություններում:

Ապրելավայրերը: Չոր–լեռնային, լեռնային և մարգագետնային խոպան տափաստանները, դաշտերի միջակոսները, ցանքատարածությունները, այգիները և բանջարանոցները, որոնք գտնվում են համապատասխան բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում բնակվում է, նոմինատիվ ենթատեսակը, որը մի փոքր խոշոր է Վրաստանում ապրող ենթատեսակից: Արտաքնապես շատ նման է Փոքր Ասիայում հանդիպող հարթալեռնային դաշտամկանը: Գաղութային տեսակ է: Բներն ավելի հասարակ են, քան հասարակական և սովորական դաշտամկներինը: Սնվում է վայրի խոտաբույսերով, սակայն ագրոցենոզներում կարող է սնվել նաև հացահատիկային, տեխնիկական և բանջարանոցային կուլտուրաներով: Բազմացումը կապված եղանակային պայմաններից՝ դիտվում է փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբը: Հասուն էգը տարեկան կարող է ծննդաբերել մինչև 4 անգամ` բերելով միջինը` 7–8 ձագ: Առաջին սերնդի երիտասարդ էգերը կարող են միանալ բազմացմանը և ունենալ մինչև 2 սերունդ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նեղ արեալային էնդեմ տեսակ է կրճատվող թվաքանակով: Սկսած անցած դարի 80–ականնների վերջից և, հատկապես 90–ականների կեսերին արեալի սահմաններում թվաքանակը զգալիորեն կրճատվել է, որից հետո` մինչև այսօր, միայն դաշտամկների համար բացառապես բարենպաստ` 2003 թ–ին տեսակի թվաքանակն առանձին բիոտոպերում մոտ էր թվաքանակի երկարամյա միջին ցուցանիշներին: Որոշ պոպուլյացիաներ, որոնք 1970–ական թթ–ին համարվել են կայուն (օր.` Մաստարինի հարթակում), համարյա անհետացել են:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունը և կլիմայի փոփոխությունները, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով վաղ գարնանը և դրանց հաջորդող ուժեղ երաշտներով ամռանը, որն ազդում է դաշտամկների կերային բազայի վրա:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է պահպանել խոպան հողերի բիոտոպերը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում