Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ. Հայաստանի Կարմիր գիրք

Հնդկական վայրենակերպը կամ մացառախոզը Վայրենակերպերի ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Նեղ արեալային տեսակ է խիստ մասնատված արեալով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2a:

Տարածվածությունը: Փոքր և Առաջավոր Ասիայից արևելք մինչև Հնդկաստան և Շրի Լանկա: Ենթատեսակը տարածված է Փոքր Ասիայում, Հարավային և Հարավարևելյան Հայաստանում, Արցախում, Թալիշում և, հավանաբար, Նախիջևանում:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է Սյունիքը, հանդիպում է «Խոսրովի անտառ» արգելոցում, Արտանիշի թերակղզում, Վայոց ձորի մարզում, ծ.մ. 550–1900 մ բարձրություններում:

Ապրելավայրերը: Գերադասում է տարբեր թփերով և բարձր խոտաբույսերով ծածկված ժայռային բիոտոպերը: Հանդիպում է կիրճերում և գետերի հովտում, երբեմն նոսր չորային անտառներում` շիբլյակի մացառուտներում, գիհու նոսրանտառներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է թաքնված կենսակերպ: Ակտիվ է բացառապես գիշերը: Սովորաբար, ինքնուրույն փորում է բավականին բարդ կառուցվածքով բներ սակայն հաճախ բնակվում են քարայրներում և անձավներում, ժայռերի միջև եղած դատարկություններում: Սնվում է բուսական կերով՝ այդ թվում տարբեր մշակաբույսերով: Ձմռանը սնվում է ծառերի կեղևով և թփերի ու ծառերի երիտասարդ ընձյուղներով: Քուն չի մտնում, սակայն ձմռանը սակավակտիվ է: Բազմանում է տարեկան մեկ անգամ` մարտից մինչև ապրիլի վերջը: Բերում են 2–4 ձագ, որոնք սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամենուրեք հազվադեպ տեսակ է, կրճատվող, մասնատված արեալով և խիստ փոքր թվաքանակով: Նորավանքի պոպուլյացիան անհետացել է, ինչպես և, հավանաբար, Արփա գետի հովտում բնակվող առանձնյակները:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունն արեալի տարածքներում և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Սևան» և «Արևիկ» ազգային պարկերում: Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ, նաև նվազեցնել ապրելավայրերում անհանգստացնող գործոնների թիվը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում