Ասիական լայնականջ չղջիկ. Հայաստանի Կարմիր գիրք
Ասիական լայնականջ չղջիկը Հարթաքթայինների ընտանիքին պատկանող կենդանի է։
Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):
Տարածվածությունը: Անդրկովկասից մինչև Դաղստան և Հիմալայները, մինչև Սիչուան:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանն այս սակավաթիվ տեսակի արեալի արևմտյան սահմանն է: Ընդգրկում է Երևանի շրջակայքը, Կոտայքի մարզը (Գառնի, Գեղարդ, Արզնի, Աբովյան), Վայոց ձորի մարզը (գգ. Արփի, Ելփին, Չիվա, Արենի, Հերհեր, Մարտիրոս և այլն), Սյունիքի մարզը (գգ. Խնձորեսկ, Նռնաձոր (Նյուվադի), քք. Մեղրի և Գորիս), Տավուշի և Լոռու մարզեր:
Ապրելավայրերը: Սովորաբար, ապրում և ձմեռում են քարանձավներում և անձավներում, հազվադեպ` տարբեր շինությունների նկուղներում և ձեղնահարկերում: Գերադասում են բնակվել նոսրանտառներում, ջրավազաններին մոտ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Երբեք մեծ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ապրում են անհատորեն կամ փոքր խմբերով (2–7 առանձնյակ): Ակտիվ են օրվա բոլոր մութ ժամերին: Էգը մայիսի վերջին–հունիսի սկզբին ծնում է մեկ, հազվադեպ` երկու ձագ: Ձմռանն անցնում են ավելի խոր և համեմատաբար տաք թաքստոցներ: Սնվում են ճանճերով, մոծակներով, մանր թիթեռներով և բզեզներով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալը նկատելիորեն կրճատվում է հյուսիսից դեպի հարավ: Այս տեսակի հանդիպման սովորական վայրերում ևս թվաքանակը կրճատվել է:
Վտանգման հիմնական գործոնները: Բնական հարմար թաքստոցների կրճատումը և քանդումը:
Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: «Մագիլի» քարանձավը փակվել է այցելուների համար: Փակել քարանձավները այցելուների համար: Անհրաժեշտ է հարավային պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող «Պտիչյա» և «Չայքենդ» քարանձավների մուտքը փակել այցելուների համար: