Բեխշտեյնի գիշերաչղջիկ. Հայաստանի Կարմիր գիրք
Բեխշտեյնի գիշերաչղջիկը Հարթաքթայինների ընտանիքին պատկանող կենդանի է։
Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:
Տարածվածությունը: Անգլիա, Մերձբալթյան երկրներ, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Լեհաստան, Կովկաս:
Տարածվածությունը Հայաստանում: Առաջին անգամ տեսակը նկարագրվել է 2003 թ–ին Սյունիքի մարզի հյուսիս–արևելքում (Գորիսի շրջան), իսկ 2004 թ–ին` Լեռնային Ղարաբաղին սահմանակից գյուղերում՝ գ. Խնձորեսկ և ք. Գորիսի շրջակայքում (գ. Թեղ և գ. Կոռնիձոր):
Ապրելավայրերը: Բնորոշ ապրելավայրերն են անտառապատ լանջերը և լեռնային գետակների կիրճերը:
Կենսաբանության առանձնահատկությունները: Ապրում են անհատորեն կամ փոքր խմբերով` առավելապես ծառերի փչակներում կամ կեղևի տակ, երբեմն` բնակելի շինությունների, ցախատների և գերանածածկ անասնագոմերի տանիքների տակ: Ակտիվ են օրվա մթնշաղին: Կերը բռնում են` թռչելով ծառերի կամ ջրավազանների վրայով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հազվադեպ, քիչ ուսումնասիրված տեսակ է: Թվաքանակը և պոպուլյացիաների սահմաններն ուսումնասիրված չեն:
Վտանգման հիմնական գործոնները: Անտառների հատումը և թունաքիմիկատներով մշակումը:
Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Պահպանության միջոցառումներում ներառել այն ծառերը, որոնց փչակներում բնակվում են չղջիկները: