Արաքսյան գիշերաչղջիկ. Հայաստանի Կարմիր գիրք

Արաքսյան գիշերաչղջիկը Հարթաքթայինների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: 1987 թ–ին այս տեսակը Հայաստանի Կարմիր գրքում գրանցվել է որպես Նատերերի գիշերային չղջիկի (Myotis nattereri) ենթատեսակ` Նատերերի արաքսյան գիշերային չղջիկ: Այսօր այն առանձնացվել է որպես ինքնուրույն տեսակ գիշերային չղջիկների Myotis ցեղի կազմում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Data Deficient» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Հայտնաբերված է միայն Անդրկովկասի հարավում:

Տարածվածությունը Հայաստանում: Վայոց ձորի (Վայքի և Եղեգնաձորի շրջաններ) և Սյունիքի (Կապանի և Մեղրու շրջաններ) մարզերում:

Ապրելավայրերը: Բնակվում է քարանձավներում, անձավներում, ժայռերի ճեղքերում, ծառերի փչակներում, նկուղներում, տների ձեղնահարկերում, անասնագոմերում և այլն:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հավաստի տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ էգը հունիսի վերջին ծնում է մեկ ձագ: Ապրում են 2–7 առանձնյակներից կազմված փոքր խմբերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է: Սակավաթվության հետևանքով կարող է լիովին անհետանալ: 2005 թ. հայտնաբերվել է մեծ մայրական գաղութ Մագիլի քարանձավում, ձագերի և մայրերի ընդանուր քանակը կազմում էր մոտ 600 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու կողմից անհանգստացնելը բազմացման և ձմեռման ընթացքում:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Քարանձավների մի մասն ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: Անհրաժեշտ է Արաքսյան գիշերաչղջիկի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում