Հարավային պայտաքիթ. Հայաստանի Կարմիր գիրք

Հարավային պայտաքիթը Պայտաքթայինների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Հազվադեպ, քիչ ուսումնասիրված տեսակ է` սահմանափակ նեղ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab+2a:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայից` Հյուսիսային Աֆրիկայից և Փոքր Ասիայից մինչև Կովկաս և Անդրկովկաս, դեպի արևմուտք` մինչև Հարավարևմտյան Թուրքմենստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում տեսակի արեալը սահմանափակվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերով (Արենի, Չիվա, Ելփին, Զառիթափ, Մարտիրոս, Հերհեր, Խնձորեսկ գյուղերի և ք. Կապանի շրջակայքեր):

Ապրելավայրերը: Բացառապես լեռնատափաստանային, անտառատափաստանային և կիսաանապատային գոտիների քարանձավներում բնակվող տեսակ է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվությունը սկսվում է մինչև մութն ընկնելը և շարունակվում մինչև մայրամուտը: Իտարբերություն այլ պայտաքթայինների` ագրեսիվ չէ: Հունիսի սկզբին էգը ծնում է մեկ ձագ, որը մշտապես մնում է մոր կրծքին կպած: Ձմեռում են ամառային թաքստոցներում: Սնվում են մանր թեփուկաթևավորներով, երկթևավորներով և բզեզներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը հանրապետությունում վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու այցելությունները քարանձավներ բազմացման և ձմեռման շրջաններում:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասն ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: 2008 թ–ին հասարակական կազմակերպությունների միջոցներով Նորավանքի կիրճի «Մագիլի» քարանձավը (Եղեգնաձորի շրջան) փակվել է այցելուների համար: Անհրաժեշտ է հարավային պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում