Շելկովնիկովի կուտորա. Հայաստանի Կարմիր գիրք
Շելկովնիկովի կուտորան Գետնափորների ընտանիքին պատկանող կենդանի է։
Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:
Տարածվածությունը: Կովկաս, Անդրկովկաս, Իրան, Թուրքիա:
Տարածվածությունը Հայաստանում: Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզեր:
Ապրելավայրերը: Գետերի և գետակների ափերը` ինչպես բարձրադիր գոտիներում (մինչև ծ.մ. 2500 մ բարձրություններ), այնպես էլ կիսաանապատներում և անտառային զանգվածներում: Գերադասում են գետասահանքներով, մացառուտներով հատվածները և նոսր բուսածածկով մերկացած, քարքարոտ ափերը:
Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են օրվա տարբեր ժամերին և տարվա տարբեր եղանակներին: Կարող են արագ վազել ջրավազանի հատակով, սուզվել և լողալ: Բազմանում են վաղ գարնանից մինչև ամռան վերջը: Բերում են 4–10 ձագ: Սնվում են տարբեր հոդվածոտանիներով, որդերով, փափկամարմիններով, մանրաձկներով, շերեփուկներով, ձկնկիթով և գորտնկիթով, ինչպես նաև մանր կրծողներով: Հայաստանում կուտորայի էկոլոգիան ուսումնասիրված չէ:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մեծ կուտակումներ չի առաջացնում: Ավելի հաճախ ապրում է առանձին կամ 2–5 առանձնյակներից կազմված փոքր խմբերով: Ջրավազանների աղտոտման և բնական ապրելավայրերի քայքայման պատճառով մի շարք շրջաններում (Հանքավան, Դիլիջան, Իջևան և այլն) թվաքանակը զգալիորեն կրճատվել է:
Վտանգման հիմնական գործոնները: Ջրավազանների աղտոտումը և մարդու տնտեսական գործունեությունը:
Պահպանության միջոցառումները: Հանդիպում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում: Անհրաժեշտ է ազգային պարկերում, արգելոցներում և պահպանվող այլ տարածքներում կուտորայի ապրելավայրերին տալ հատուկ կարգավիճակ` արգելելով այդ տեղամասերում զբոսաշրջիկների հանգստի կազմակերպումը և ձկնորսությունը: