Մոնղոլական խածկտիկ. Հայաստանի Կարմիր գիրք
Մոնղոլական խածկտիկը Սերինոսների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:
Տարածվածությունը: Հարավային Թուրքիա, դեպի արևելք` Անդրկովկասով, Հյուսիսային Իրանով, Կենտրոնական Ասիայով մինչև Գոբի անապատը:
Տարածվածությունը Հայաստանում: Բնադրավայրը հայտնաբերված է Արարատի մարզի Վեդի քաղաքի շրջակայքում:
Ապրելավայրերը: Բնակեցնում է սակավ խոտաբույսերով և թփուտներով ծածկված անապատային խճային լանջերը:
Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող տեսակ է, բնադրավայրում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է ժայռերի ճեղքերում, մեծ քարերի կույտերում: Ձվադրումը` ապրիլի երկրորդ կեսերին: Դնում են 3–8, ավելի հաճախ` 4–6 ձու: Զարգացումը` հավանաբար, 11–14 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին` գաղութային: Խիստ սակավաթիվ տեսակ է` մասնատված և ոչ ամենամյա բնադրմամբ:
Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Ապրելավայրերի փոփոխումը տնտեսական գործունեության արդյունքում:
Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել արգելավայր Վեդի քաղաքի շրջակայքում` ներառելով քաղաքի հյուսիսում տեղադրված խճային ժայռերը և բլուրները: