Միջերկրածովային երաշտահավ. Հայաստանի Կարմիր գիրք
Միջերկրածովային երաշտահավը Երաշտահավերի ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); C1a(i):
Տարածվածությունը: Տարածված է Հունաստանի Լեսբոս կղզուց դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա և Հարավային Անդրկովկաս, և դեպի հարավ` մինչև Լիբանան և Հյուսիսային Իրաք:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է Մեղրու շրջանի գիհու նոսրանտառների գոտում:
Ապրելավայրերը: Հանդիպում է գիհու նոսրանտառներում` բնակեցնելով նաև ապրելավայրերին կից այգիներում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է երկու անգամ` դնելով 4–9 ձու: Սնվում է առավելապես միջատներով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը բնության մեջ, համաձայն վերջին հաշվառումների, կազմում է 250–350 զույգ:
Վտանգման հիմնական գործոնները: Միջերկրածովային երաշտահավի թվաքանակի վրա բացասաբար կարող են ազդել վերջին տարիներին Մեղրու շրջանում հաճախակի դարձած անտառային հրդեհները, ինչպես նաև գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ստեղծել հակահրդեհային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա «Արևիկ» ազգային պարկում և պրոպագանդել հրդեհների կանխարգելման անհրաժեշտությունը Մեղրու բնակչության շրջանում: Անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը իրականացնել էկոլոգիապես ավելի անվնաս մեթոդներով: