Կիսասպիտակավիզ ճանճորս. Հայաստանի Կարմիր գիրք
Կիսասպիտակավիզ ճանճորսը Ճանճորսների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավ ուսումնասիրված, օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:
Տարածվածությունը: Տեսակը տարածված է Կովկասում և Հյուսիսային Իրանում, դեպի արևմուտք` տեղ–տեղ, մինչև Բալկաններ:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հյուսիսում, հյուսիս–արևելքում և հարավ–արևելքում` բնակեցնելով սաղարթավոր և խառնանտառները:
Ապրելավայրերը: Բնակվում է լայնատերև անտառներում` հին փչակավոր ծառերի պարտադիր առկայությամբ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 3–7 ձու: Սնվում է թռչող միջատներով: Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Մեղրու շրջանում խտությունը կազմում է 0,09 թռչուն 1 հա վրա:
Վտանգման հիմնական գործոնները: Ուսումնասիրված չէ, սակայն ենթադրվում է, որ անտառահատումների հետևանքով ապրելավայրերը կրճատվում են:
Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է հետազոտել պոպուլյացիայի վիճակը և մարդածին գործոնների ազդեցությունը պոպուլյացիայի վրա` հետագայում տեսակը և ապրելավայրերը պահպանելու նպատակով: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել անտառային զանգվածների կառավարման հարցին` ուղղելով այն բնական բիոտոպերի` հին անտառազանգվածների պահպանմանը (հավանաբար, ստեղծելով արգելավայրեր) և անտառատարածքների մասնատման կանխմանը: Անհրաժեշտ է վերանայել անտառօգտագործման հետ կապված էկոլոգիական փորձաքննության անցկացման քաղաքականությունը և ներգրավել տեսակը անտառների կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում: