Շիկապոչ քարաթռչնակ. Հայաստանի Կարմիր գիրք
Շիկապոչ քարաթռչնակը Կեռնեխների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a; D:
Տարածվածությունը: Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացած է Անդրկովկասում, Իրանի հյուսիսում, Հարավային Տաջիկստանի ու Աֆղանստանի արևելքում և Արևմտյան Պակիստանում:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանը այս տեսակի արեալի ծայրհյուսիսային կետերից մեկն է, հանդիպում է Ուրծի լեռնաշղթայում և Մեղրու շրջանում:
Ապրելավայրերը: Հայաստանում հանդիպում է կիսաանապատներում` բնակեցնելով քարքարոտ լանջերը:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բները տեղադրվում են ժայռերի նեղ ճեղքերում: Տարեկան ձվադրում է երկու անգամ` դնելով 4–6 ձու: Սնվում են միջատներով, հիմնականում` մրջյուններով, բզեզներով և թրթուրներով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Մեղրու շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,23 թռչուն 1 հա վրա:
Վտանգման հիմնական գործոնները: Հայաստանում շիկապոչ քարաթռչնակի թվաքանակի վրա ազդող բացասական գործոններից է մարդու կողմից բնական բիոտոպերի յուրացումը և, հավանաբար, գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Նկատի ունենալով Հայաստանում տեսակի արեալի փոքր չափերը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները, անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Անհրաժեշտ է նաև ուժեղացնել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործման վերահսկողությունը: