Կարմրակատար շամփրուկ. Հայաստանի Կարմիր գիրք

Կարմրակատար շամփրուկը Շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Կիպրոս կղզուց և Լիբանանից դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա և Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է հանրապետության հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան շրջանների կիսաանապատային գոտում:

Ապրելավայրերը: Ապրում է կիսաանապատներում և լեռնային չորային տափաստաններում` բնակեցնելով չորային բուսականությամբ ծածկված, համեմատաբար թեք լանջերը` թփերի պարտադիր առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են 5–7, սովորաբար, 6 ձու: Սնվում է միջատներով, սողուններով, երբեմն` կրծողներով և մանր ճնճղուկանմաններով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Մեղրու շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,34 թռչուն 1 հա–ին:

Վտանգման հիմնական գործոնները: Կարմրակատար շամփրուկի թվաքանակի վրա կարող է բացասականորեն ազդել կիսաանապատների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Հաշվի առնելով թվաքանակի վերաբերյալ տվյալների սակավությունը՝ անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ (ապրիլի վերջ – մայիսի սկիզբ) կատարելու համար: Նկատի ունենալով տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները՝ անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Կիրառել գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործման էկոլոգիապես ավելի անվնաս մեթոդներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում