Ներկարար. Հայաստանի Կարմիր գիրք
Ներկարարը Ներկարարների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավաթիվ, օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):
Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից և Եվրոպայից դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա, Իրան, Հարավարևմտյան Սիբիր:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում:
Ապրելավայրերը: Հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում` բնակեցնելով հարաբերականորեն թեք լանջերը քսերոֆիտային բուսականության և ժայռերի առկայությամբ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 3–6 ձու: Սնվում է հիմնականում միջատներով: Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Մեղրու շրջանում խտությունը կազմում է 0,22 թռչուն 1 հա–ին:
Վտանգման հիմնական գործոնները: Ներկարարի թվաքանակի վրա բացասականորեն ազդում են կիսաանապատների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, որը կրճատում է կերակրավայրերը, և թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարում:
Պահպանության միջոցառումները: Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում: Հաշվի առնելով թվաքանակի վերաբերյալ տվյալների սակավությունը՝ անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ (ապրիլի վերջ – մայիսի սկիզբ) կատարելու համար: Նկատի ունենալով տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները՝ անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը իրականացնել էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: