Բվեճ. Հայաստանի Կարմիր գիրք
Բվեճը Բվերի ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a; C2a(i); D1:
Տարածվածությունը: Ենթատեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է նոմինատիվ ենթատեսակի տարածման շրջանից դեպի հարավ Բեսարաբիայում, Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում, Սիրիայում:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է համարյա ամենուրեք:
Ապրելավայրերը: Նստակյաց է: Լայնորեն տարածված է և բնադրում է տարբեր գոտիներում` կիսաանապատից մինչև լեռնային տափաստաններ ծ.մ. 2700 մ բարձրություններում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է քարանձավներում, ժայռերի միջև և խուլ կիրճերում: Սնվում է, առավելապես, կրծողներով և թռչուններով: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 2–4 ձու: ԿԱԱ ԵՏԱ–ի կենդանաբանական այգիներում 2007 թ–ին գրանցվել են 13 բազմացող զույգեր, որոնցից ստացվել են 16 ձագեր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: 2008 թ–ի տվյալներով՝ Երևանի կենդանաբանական այգում պահվում են 9, իսկ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում` 154 առանձնյակ:
Վտանգման հիմնական գործոնները: Հավանաբար է մարդու կողմից ուղղակի հետապնդվելը: Բազմաթիվ են անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը: Թունաքիմիկատների օգտագործման պետական անբավարարությունը, ինչպես նաև բնական բիոտոպերի` կերակրավայրերի յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Պահպանվում է պետական մի շարք արգելոցներում և արգելավայրերում: Անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ կատարելու համար: Մշակել մի շարք միջոցառումներ ինչպես բնադրավայրերը պահպանելու, այնպես էլ բնակչության էկոլոգիական դաստիարակման ուղղությամբ: Վերանայել բվեճի բնադրավայրերում հողային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի մեթոդները` կիրառելով էկոլոգիապես ավելի անվտանգ միջոցներ: Մեծացնել տուգանքի չափը ապօրինի որսի համար: