Որորակտուց ջրածիծառ. Հայաստանի Կարմիր գիրքը

Որորակտուց ջրածիծառը Ջրածիծառներների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հարավային և Միջին Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Ավստրալիա, Ամերիկա:

Տարածվածությունը Հայաստանում: Հավանաբար, բնադրում է Արարատի մարզի Արմաշ ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի նախկին Գիլլի լճի շրջակայքում:

Ապրելավայրերը: Աղուտային, աղային և կավային տեղամասերը` ջրավազանների մոտ: Լեռնատափաստանային լճերը և ճահճացումները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր, արեալի այլ մասերում բնադրում է հողի վրա: Ձվադրումը` ապրիլի վերջին–մայիսի սկզբին: Դնում են 1–4 ձու: Զարգացումը` 22–23 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում բնադրումները հայտնի չեն: Տեսակը հանդիպում է զույգերով, կամ 4–6 առանձնյակներից կազմված խմբերով:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Բնորոշ բնադրավայրերի ոչնչացումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել բնադրավայրերը Արարատի և Գեղարքունիքի մարզերում` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում