Հայկական որոր. Հայաստանի Կարմիր գիրք
Հայկական որորը Որորներների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Բնութագրվում է սահմանափակ արեալով և հեշտ խոցելի բնադրավայրային բիոտոպերով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):
Տարածվածությունը: Հայաստան, Արևելյան Թուրքիա, Արևմտյան Իրան:
Տարածվածությունը Հայաստանում: Ամբողջ տարվա ընթացքում հանդիպում է Սևանա լճի ավազանում, գտնվում է հիմնական գաղութը: Բնադրում է նաև Արփի լճի կղզիներում: Հանդիպում է գգ. Արաքսի, Հրազդանի և Ախուրյանի հունի երկայնքով: Վերջին տարիներին` հանդիպում է Արարատյան հարթավայրի ձկնաբուծական տնտեսություններում:
Ապրելավայրերը: Մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը բնադրել է ջրաեզրին մոտ: Լճի մակարդակի իջեցումից հետո բնադրում են գ. Նորաշենի մոտակայքում առաջացած երկու կղզյակներում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Դիտվում է Արփա լճում բնադրող զույգերի թվաքանակի մեծացման միտում: Մայիսի վերջին–հունիսի սկզբին հանդիպում են, ինչպես ձվերով բներ, այնպես էլ կղզյակների մոտ լողացող ձագեր: Սովորաբար, դնում են 3, հազվադեպ` 2 կամ 4 ձու: Առավել բարենպաստ տարիներին հաշվառվում է մինչև 500 բույն: Կախված վտանգման գործոնների առկայությունից` պահպանվում են ձագերի 17–56%–ը:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը խիստ անկայուն է և որոշվում է բնադրման և կերային առկա պայմաններով: Միջինացված տվյալների համաձայն` գարնանն այս տեղ հանդիպում է 800, ամռանը` 700, աշնանը` 1000, ձմռանը` 500 առանձնյակ: Սևանա լճի սառեցման դեպքում որորների հիմնական մասը չվում է գ. Արաքսի հովիտ:
Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի ոչնչացումը: Մարդու կողմից պատճառվող անհանգստությունը և որորների ուղղակի ոչնչացումը: Բնադրման պայմանների և կերային բազայի վատթարացումը:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Նորաշենի կղզյակները ներգրավվել են արգելոցային գոտում: Անհրաժեշտ է ապահովել որորների պահպանությունը ինչպես լճում, այնպես էլ աղբանոցների մոտ: Մշտապես անցկացնել բացատրական աշխատանքներ բնակչության շրջանում: