Մարգագետնային ծիծառակտցար. Հայաստանի կարմիր գիրք
Մարգագետնային ծիծառակտցարը Ծիծառակտցարների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ բնադրման տեղային բնույթով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Հարավային Եվրոպա, Աֆրիկա, Հարավարևմտյան Ասիա:
Տարածվածությունը Հայաստանում: Չուի շրջանում հանդիպում է Շիրակի, Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում: Բնադրավայրեր հայտնաբերվել են Արմավիրի (գ. Տարոնիկ), Արարատի (Արմաշի ձկնաբուծական տնտեսություն) և Գեղարքունիքի (Սևանա լիճ) մարզերում:
Ապրելավայրերը: Խոտաբուսածածկով տափաստաններ, կավային և աղուտային տարածքներ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Գաղութային տեսակ է: Հայաստանի բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա, ջրից ոչ հեռու: Ձվադրում է տարեկան մեկ անգամ` ապրիլին–մայիսի սկզբին: Դնում է 3, հազվադեպ` 2 կամ 4 ձու: Թխսումը` մոտ 17–19 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Կանոնավոր բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից: Բնադրող գաղութի թվաքանակը հայտնի չէ:
Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումն անմիջապես բնադրավայրերի մոտակայքում: Որսագողությունը:
Պահպանության միջոցառումները: Հատուկ միջոցառումներ չեն կիրառվում: Անհրաժեշտ է ցանկապատել Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում գտնվող բնադրավայրերը` բնադրման շրջանում մարդու և ընտանի խոշոր եղջերավոր անասունների մուտքը կանխելու նպատակով: Կազմակերպել որսորդների և բնակչության էկոլոգիական դաստիարակման դասընթացներ: