Ոտնացուպիկ. Հայաստանի Կարմիր գիրքը
Ոտնացուպիկը Բզակտուցների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում` մինչև Հարավային Եվրոպա, դեպի արևելք` մինչև Մոնղոլիա և դեպի հարավ` մինչև Հարավային Աֆրիկա, Մադագասկար և Ցեյլոն:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հիմնականում բնադրում է Արարատյան հարթավայրում, ինչպես նաև Արփի ու Սևանա լճի շրջակայքում:
Ապրելավայրերը: Նախընտրում է կանգնած, դանդաղահոս ջրերը՝ նոսր բուսականությամբ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է բաց ջրային ծանծաղուտ տարածքներում, ոչ մեծ գաղութներով` չոր կամ ճահճացած հողի վրա: Բույնը` գետնին՝ փոքր թմբերի վրա: Ձվադրումը` տարեկան մեկ անգամ` հունիսին: Դնում է 3–4 ձու, ձվերը կորցնելու դեպքում հնարավոր է կրկնակի ձվադրում: Սնվում է հիմնականում ջրային անողնաշար կենդանիներով և դրանց թրթուրներով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Համաձայն վերջին հաշվառումների` Հայաստանում գրանցված է 50–70 զույգ: Մոսկվայի կենդանաբանական այգում գտնվում է 6 առանձնյակ, որտեղ հայտնի է անազատ պայմաններում բազմանալու մեկ դեպք:
Վտանգման հիմնական գործոնները: Միշտ եղել է սակավաթիվ: Ձվադրման ժամանակ վնաս են կրում ընտանի անասունների կողմից: Ոտնացուպիկի թվաքանակի վրա ազդում է ճահիճների չորացումը, թունաքիմիկատների օգտագործումը, շրջակա գյուղերի բնակիչների կողմից բնադրման ընթացքում թռչուններին անհանգստություն պատճառելը:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկե րում: Անհրաժեշտ է վերանայել ինչպես ճահիճների կառավարումը, այնպես էլ թունաքիմիկատների օգտագործումը՝ իրականացնելով այն ավելի անվտանգ, էկոլոգիական մեթոդներով` տեսակի և դրա ապրելավայրերի պահպանման համար: