Սպիտակապոչ եղտյուրիկ. Հայաստանի Կարմիր գիրք
Սպիտակապոչ եղտյուրիկը Քարադրների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Տարածված է Կենտրոնական Թուրքիայից, Իրաքից և Իրանից դեպի արևելք,Պակիստան և Հյուսիսարևմտյան Հնդկաստան:
Տարածվածությունը Հայաստանում: Վերջին տարիներին հանրապետությունում առաջացնում է գաղութներ: Բնադրավայրերը հայտնաբերված են Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում:
Ապրելավայրերը: Կավային աղուտային տեղամասեր ջրավազանների մոտ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա: Ձվադրումը` տարեկան մեկ անգամ` ապրիլին–մայիսի սկզբին: Դնում են 3, հազվադեպ` 4 ձու: Զարգացումը` 22–24 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում: Պոպուլյացիայում հաշվառվում է, հավանաբար, 30–40 զույգից ոչ ավելի:
Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Բնորոշ բնադրավայրերի ոչնչացումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումն անմիջապես բնադրավայրերի մոտ: Որսագողությունը:
Պահպանության միջոցառումները: Չեն կիրառվում: Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն բնադրավայրերում` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար: