Հաստակտուց քարադր. Հայաստանի Կարմիր գիրք
Հաստակտուց քարադրը Քարադրների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a; Ca(i); D:
Տարածվածությունը: Թուրքիայից և Հյուսիսային Իրանի անապատներից մինչև Մոնղոլիա:
Տարածվածությունը Հայաստանում: XX դարի սկզբում բնադրել է Արմավիրի մարզի Սարդարապատի տափաստանում:
Ապրելավայրերը: Կավային, աղուտային և խճային անապատներ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Չվող, բնադրավայրերում հանդիպում է մարտ–ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա: Բնադրումը մարտի վերջից մինչև ապրիլի կեսերը: Դնում են 2–4, սովորաբար, 3 ձու: Զարգացումը` մոտ 24 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայումս Հայաստանում բնադրումներ հայտնի չեն:
Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն: Սակայն տեսակի փոքր թվաքանակը և մարդու տնտեսական գործունեությունը պատմական բնադրավայրերում կարող էին բացասական ազդեցություն ունենալ Հայաստանում տեսակի պոպուլյացիայի վրա:
Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է փնտրել բնադրավայրերը Սարդարապատի տափաստանում: