Ծովային քարադր. Հայաստանի Կարմիր գիրք

Ծովային քարադրը Քարադրների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տարածված է Պորտուգալիայից մինչև Ճապոնիա, դեպի հարավ` մինչև Կապյան Երկիր, Ցեյլոն, Տասմանիա, ԱՄՆ, Վեստ Ինդիա ու Չիլիի ափերը:

Տարածվածությունը Հայաստանում: Բնադրում է Արարատի մարզում` Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, հավանաբար, նաև մասնատված` Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքի շրջակայքում:

Ապրելավայրերը: Աղուտներ, աղային և կավային տեղամասեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրերում հանդիպում է մարտ–ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա: Ձվադրումը` սովորաբար, տարեկան մեկ անգամ` ապրիլ–հունիսին: Դնում են 2–4, սովորաբար, 3 ձու: Զարգացումը` 24–27 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից: Պոպուլյացիան կազմված է, հավանաբար, 30–40 զույգերից:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակ: Բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել Արարատի մարզի հայտնի բնադրավայրերը` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում