Մեծ արոս. Հայաստանի Կարմիր գիրք
Մեծ արոսը Արոսների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable» A2c+3c+4c կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2c+3c+4c:
Տարածվածությունը: Տեսակի հիմնական մասը բնակեցնում է Իբերիան, Մարոկկոն, Թուրքիան, Հարավային և Հարավարևելյան Եվրոպան, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է միայն չուի շրջանում, հիմնականում` հանրապետության արևմուտքում:
Ապրելավայրերը: Չուի շրջանում հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 1–4, սովորաբար` 2–3 ձու:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Բավականին կանոնավոր հանդիպում է չուի շրջանում: 2008 թ–ի տվյալներով՝ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում են 36 առանձնյակներ:
Վտանգման հիմնական գործոնները: Թվաքանակի վրա բացասաբար է ազդում ապօրինի որսը:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 1–ում: Անհրաժեշտ է ուժեղացնել չուի շրջանում թռչուններին բռնելու և ապօրինի որսի նկատմամբ վերահսկողությունը և մեծացնել տուգանքի չափը: Խիստ անհրաժեշտ է բարձրացնել բնակչության բնապահպանական իրազեկության մակարդակը: