Սուլթանական հավ. Հայաստանի Կարմիր գիրք

Սուլթանական հավը Ջրահովվիկների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավ ուսումնասիրված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից և Հյուսիսային Աֆրիկայից մինչև Առաջավոր և Հարավային Ասիա, Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է Սևանա լճի հարավարևմտյան ափի երկայնքով, Արփի լճում, Արաքսի հովտում` Արարատի շրջանում և հանրապետության ծայր հարավում` Մեղրու շրջանում:

Ապրելավայրերը: Բնակվում է եղեգնուտի խիտ մացառուտներում` բնական ջրամբարների, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսությունների ծանծաղուտային ափերի երկայնքով: Ապրելավայրերի տարածքի կրճատումը կապված է բնակչության համար հանգստի գոտիներ, լողափեր, ձկնաբուծական տնտեսություններ ստեղծելու և գյուղատնտեսական կարիքների համար այդ տարածքների յուրացման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է 1–2 անգամ` դնելով 3–5 ձու: Հայտնի են կրկնակի ձվադրման երևույթներ` կորցվածի փոխարեն: Կան տվյալներ Մոսկվայի, Բաքվի և Մինսկի կենդանաբանական այգիներում սուլթանական հավերի բազմացման վերաբերյալ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: 2008 թ –ի տվյալներով՝ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 73 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Սուլթանական հավի թվաքանակի վրա բացասականորեն ազդում է անհանգստացնելու գործոնը ձկնաբուծական լճակների շահագործման ընթացքում, մասնավորա պես` ջրի մակարդակի հաճախակի տատանումները: Հնարավոր է նաև ապօրինի որսը ջրլող թռչունների պաշտոնական որսի ժամանակահատվածում:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում, վերանայել տեսակի հանդիպման վայրերում ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը` ստեղծելով սեզոնային հանգստի գոտիներ կամ արգելավայրեր: Անհրաժեշտ է նաև մեծացնել տուգանքի չափը և կազմակերպել էկոլոգիական իրազեկության բարձրացման դասընթացներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում