Մաղաքյանի ստելերոպսիս. ՀՀ Կարմիր գիրք
Կատեգորիա: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ–ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ կապված հողատարածքների յուրացման և կլիմայի փոփոխության պատճառով, աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:
Նկարագրություն: Կիսաթփիկ՝ բազմաթիվ ուղիղ կանգնած չճյուղավորված, հիմքի մասում՝ փայտացող ցողուններով, 10–15 սմ բարձրության բույս: Տերևները՝ մանր, 8–12 մմ երկարության, էլիպսաձև, մերկ, թխակապույտ: Ծաղիկները՝ մանր, արտաքինից կարմրավուն խողովակով՝ հավաքված համարյա գլխիկանման ծաղկաբույլերում:
Տարածում: Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայքում: AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետը՝ 1: Հայաստանից բացի, տեսակը հանդիպում է Նախիջևանում:
Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է վերին լեռնային գոտու ծ. մ. 1800–2000 մ բարձրությունների վրա, մարգագետնատափաստանում: Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիսին:
Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ կապված հողատարածքների յուրացման և կլիմայի փոփոխության հետ:
Պահպանության միջոցառումներ: Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի վիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ստեղծել նոր ԲՀՊՏ Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայքում: