Օշան Թամամշյանի. ՀՀ Կարմիր գիրք

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ–ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ. կմ–ից պակաս: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն: Միամյա, հիմքից ճյուղավորված բույս՝ բաց կանաչ, սպիտակավուն ակոսավոր ցողուններով: Տերևները թելանման–գծային, մերկ, փշոտ: Ծաղկապատի մասերը՝ 2,8–3,8 մմ երկարության, նշտարաձև, գագաթում՝ սուր, պտղի ժամանակ՝ մեծ, բաց դարչնագույն, թաղանթային թևերով, պարզորոշ դուրս ցցված մուգ ջղերով: Սերմը 3 մմ տրամագծով:

Տարածում: Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմավիր, Գոռավան, Երասխ, Երևան, Զվարթնոց): EOO 190 քառ. կմ է, AOO՝ 24 քառ. կմ, լոկալիտետները՝ 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում (Օրդուբադ, Ջուլֆա) և Արևմտյան Իրանում (Ուրմիա լճի ավազան):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700–1000 մ բարձրությունների վրա, անապատում և կիսաանապատում, ավազային հողերի վրա, երրորդական դարաշրջանի գիպսակիր կարմիր կավերի վրա: Ծաղկում է հուլիս–սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր–նոյեմբերին:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ գյուղատնտեսական հանդակների համար ավազային հողերի յուրացման, ինչպես նաև որպես շինարարական նյութ ավազների դուրս հանելու հետևանքով:

Պահպանության միջոցառումներ: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում