Նշենի նաիրյան. ՀՀ Կարմիր գիրք

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ–ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ. կմ–ից պակաս: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն: Ոչ բարձր թուփ՝ 1–2 մ բարձրության, փռված ճյուղավորված, շատ փշոտ ճյուղերով: Տերևները՝ թույլ հաստակաշի, մերկ, երկարավուն նշտարաձև, ամբողջաեզր կամ աղեղնաձև սղոցաեզր, մանր 2–2,5 (3) սմ երկարության, 0,6–0,8 սմ լայնության: Կորզապտուղները ձվաձև–օվալ, թավշային, տափակած, կարճ սրածայրով:

Տարածում: Աճում է Զանգեզուրի (Որոտան գետի կիրճ) և Մեղրու (Արաքս գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 940 քառ. կմ է, AOO՝ 60 քառ. կմ, լոկալիտետները՝ 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600–1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա, ժայռոտ տեղերում, ֆրիգանանման բուսականության մեջ, արիդ նոսրանտառում: Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս–սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ գյուղատնտեսական հանդակների համար հողատարածքների յուրացման և լեռնաարդյունահանող արդյունաբերության գործունեության ինտենսիվացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ստեղծել նոր ԲՀՊՏ Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում