Անդրկովկասյան փասիան. Հայաստանի Կարմիր գիրք

Անդրկովկասյան փասիանը Փասիանների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է, Հայաստանի պայմաններում` սակավ ուսումնասիրված: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Կովկասից մինչև Հեռավոր Արևելք:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է բացառապես Սյունիքի մարզի հարավարևելյան և հարավային մասերի մերձ սահմանային շրջաններում:

Ապրելավայրերը: Բնակվում է ցածրադիր նախալեռնային գոտում, խիտ թփուտներում, ինչպես նաև եղեգնուտներում: Վարում է թաքնված կենսակերպ, վտանգի դեպքում արագ վազքով փախչում է կամ կտրուկ թռչում մացառուտների եզրով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանի տարածքում հավաստի բնադրավայրեր հայտնի չեն, չնայած, կան դրա կողմնակի, ինչպես նաև բանավոր վկայությունները` թռչուններին ձագերի հետ հանդիպելու մասին հունիսի կեսերին և վերջում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Կապանի շրջանում խտությունը կազմում է մոտ 0,05 թռչուն 1 հա–ին, իսկ Մեղրու շրջանում, Արաքսի գետի երկայնքով, այն մոտ 1,5 անգամ բարձր է: 2008 թ –ին հայտնի է անազատ պայմաններում մեկ արու պահելու դեպք:

Վտանգման հիմնական գործոնները: Փասիանի թվաքանակի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ բազմացման շրջանում վայրի բույսեր և պտուղներ հավաքողների կողմից անհանգստացնելը, ինչպես նաև ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Ապրելավայրերի տեղամասերի մի մասը պահպանվում է պետական սահմանների պահպանության ռեժիմով, քանի որ այն գտնվում է Մեղրու շրջանի մերձ սահմանային գոտում: Անհրաժեշտ է հետազոտել տեսակի էկոլոգիան և պոպուլյացիայի համար հնարավոր վտանգները: Վերանայել պետական սահմանների պահպանության ապահովման ձևերը` բացառելով խիտ մացառուտների սեզոնային հրդեհումը վերահսկվող տարածքներում: Ստեղծել ժամանակավոր հանգստի գոտիներ և անց կացնել սահմանապահ զորքերի ու բնակչության շրջանում բնապահպանական իրազեկության բարձրացման դասընթացներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում