Թուրաջ. Հայաստանի Կարմիր գիրք
Թուրաջը Փասիանների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:
Տարածվածությունը: Տարածված է Կիպրոս կղզում և Փոքր Ասիայում մինչև Հյուսիսային Իրաք, Հյուսիսարևմտյան Իրան և Կասպից ծովի հարավային ափը:
Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է միայն Մեղրու շրջանում:
Ապրելավայրերը: Բնակվում է գետերի հովիտներում` խիտ թփուտներում, կամ բարձր խոտերով ծածկված բացատների հետ հերթափոխվող եղեգնուտներում: Մեղրու շրջանում բնակեցվում է Արաքս գետի մերձհունային հատվածում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց է: Բնադրում է թփուտներում: Սնվում է կանաչ ծիլերով, պտուղներով, սերմերով, միջատներով: Կերը հավաքում է ինչպես գետնից, այնպես էլ ճյուղերից: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են սովորաբար 8–12 ձու:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: 2008 թ –ի տվյալներով՝ թուրաջներ պահվում են Երևանի կենդանաբանական այգում:
Վտանգման հիմնական գործոնները: Քանի որ թուրաջի տարածման շրջանը գտնվում է մերձսահմանային գոտում, ապօրինի որսը անհնար է սահմանային ռեժիմի շնորհիվ: Սահմանափակ է նաև մարդու և անասունների կողմից բազմացման շրջանում անհանգստացնելը:
Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է հետազոտություններ կատարել պոպուլյացիայի վրա մարդածին գործոնի ազդեցությունը պարզելու համար և անցկացնել բնապահպանական իրազեկության բարձրացման դասընթացներ սահմանապահ զորքերում: